Տանզանիայի աշխարհագրություն
Տանզանիայի աշխարհագրություն | |
---|---|
Կենտրոնական Տանզանիայում էրոզիայից առաջացած Իսիմիլա հնագիտական վայր | |
Տեսակ | աշխարհագրական դիրքի աշխարհագրություն |
Երկիր | Տանզանիա |
Տանզանիայի Միացյալ հանրապետությունը գտնվում է Կենտրոնական Աֆրիկայից արևելք։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանզանիայի մեծ մասը գտնվում է Արևելա-Աֆրիկյան սարահարթի վրա։ Պետության տարածքի մեծ մասը ընդգրկում է Աֆրիկայի ամենամեծ լճերի մի մասը, հյուսիսում է գտնվում Վիկտորիա լիճը։ Տանզանիային է պատկանում նաև ամենամեծ Ուկերևե կղզին, արևմուտքում գտնվում է Տանգանիկա լիճը (որին երբեմն անվանում են Բայկալի եկվորյակ), և հարավում՝ Նյասա լիճը։ Տանզանիայում է գտնվում Աֆրիկայի ամենաբարձր լեռը (Կիլիմանջարոն 5895 մ)։ Ընդհանուր ցամաքային սահմանի ձգվածությունը 3402 կմ է, որից 451 կմ՝ Բուրունդիի հետ, Քենիայի հետ՝ 769 կմ, Մալավիի հետ՝ 475 կմ, Մոզամբիկի հետ՝ 756 կմ, Ռուանդայի հետ՝ 217 կմ, Ուգանդայի հետ՝ 396 կմ և Զամբիայի հետ՝ 338 կմ։ Տանգանիկան ձգվում է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության սահմանով՝ ձգվածությունը 473 կմ։
Տանզանիայի ընդհանուր մակերեսը 945 087 կմ 2 է, որից ծովային սահմանի երկարությունը՝ 1424 կմ։ Կղզային տարածքը կազմված է Զանզիբար կղզեխմբից (Զանզիբար կղզի կամ Ուգունդժա,Պեմբա, Մաֆիա և այլն)։
Տանզանիայի կլիման հասարակածային մուսսոնային է։ Ամբողջ տարին տաք է՝ 26 աստիճան։ Հյուսիսում տեղումների երկու սեզոն է (մարտ-մայիս և սեպտեմբեր), իսկ հարավում՝ մեկ (նոյեմբեր- ապրիլ)։
Ֆլորա և Ֆաունա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանզանիայի բուսական և կենդանական աշխարհը չափազանց հարուստ է։ Երկրի տարածքում կենտրոնացած են աշխարհի 25 ամենահարուստ կենսաբազմազանության թեժ կետերից 6 -ը, այստեղ են գնտվում աֆրիկյան բուսատեսակների 1/3-ը, ինչպես նաև Աֆրիկայում խոշոր կաթնասունների 20% -ը, թռչունների բազմազանության առումով այն աշխարհում զբաղեցնում է 12-րդ տեղը։
Անտառներն ընդգրկում են տարածքի մոտ 55% -ը, որից 93 -ը՝ նոսր անտառներ։
Ծովափի երկայնքով, տեղ-տեղ կան մանգրո անտառներ Կորալային խութերը զբաղեցնում են երկրի տարածքային ջրերի 11% -ը։
Կենդանական աշխարհը հարուստ է և բազմազան։ Գոյություն ունի 364 տեսակ կաթնասուն, 1169 թռչուն[1], 178 երկկենցաղ և 290 սողուն։ Խոշոր խոտակեր կաթնասունները բազմաթիվ են՝ փղեր, սև ռնգեղջյուրներ, գետաձիեր, գոմեշներ, զանազան անտիլոպներ[2], զեբրեր, ընձուղտներ[3]; գիշատիչներից՝ առյուծներ, ընձառյուծներ, հեպարդներ, բորենիներ, շնագայլեր։ Կապիկներից ամենատարածվածը պավիանի կապիկներն են, իսկ լեռների արևմտյան մասում՝ շիմպանզեները։ Կան շատ ջրային թռչուններ, կոկորդիլոսներ և օձեր։ Շատ տարածքներ վարակված են ցեցե ճանճերով[3]։
Պահպանվող տարածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տանզանիայում կա 15 ազգային պարկ, որոնք ղեկավարվում են Տանզանիայի ազգային պարկերի վարչության կողմից (անգլ.՝ Tanzania National Parks Authority - TANAPA), որը կենտրոնացած է Արուշա քաղաքում։ Միջազգային հետազոտությունների համաձայն, ծառայությունն ամենաարդյունավետներից մեկն է Աֆրիկայում, որտեղ աշխատում է 1650 մարդ, որոնք սպասարկում են 15 գործող ազգային պարկերում և մեկ նախագծվող (Սաանանե)[4] ազգային պարկում։ Ծառայության հիմնական խնդիրն է պահպանել առկա կենսաբազմազանությունը և երկրի հարուստ բնական ժառանգությունը։ Ազգային պարկերի համակարգում կան Համաշխարհային ժառանգության օբյեկտներ (7-ից 4-ը գտնվում են Տանզանիայի ազգային պարկերի համակարգում) և 3-ից 2 օբյեկտները ՅՈՒՆԵՍԿՕ-ի արգելոցների ցանկում[5]։
Երկրի հյուսիսի կենտրոնական հատվածում կան ազգային պարկեր՝ Արուշա, Կիլիմանջարո, Մկոմազի[6], Մանյարա լիճ, Նգորոնգորո, Ռուբոնդո-Այլենդ, Սերենգետի ազգային պարկը, Տարանգիրե[5]։
Արուշա պարկը գտնվում է Արուշա քաղաքի մոտակայքում։ Վերջերս ազգային պարկը ընդլայնվեց «Մերու լեռան» անտառային արգելոցի հաշվին։
«Կիլիմանջարո ազգային պարկ», որը նույնպես վերջերս ստացել է լրացուցիչ տարածք, նպատակ ունի պաշտպանել Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարոն։
Լերկ-Մանյարա ազգային պարկը ներառում է Մանյարա լիճը, որը ձգվում է կորալյան խութի երկայնքով։
Քենիայի սահմանի մոտ է գտնվող Մկոմազի զբոսայգին, որը երկրի ամենաերիտասարդ զբոսայգին է․ այն ստեղծվել է 2008 թվականին։ Ռուբոնդո կղզում, Վիկտորիա լճի հարավ-արևմտյան մասում, գտնվում է Ռուբոնդո կղզու ազգային պարկը։ Սերենգետի պարկում ընդգրկված է Նգորոնգորո խառնարանը։ Ապագայում նախատեսվում է ավելացնել պարկի տարածքը։ Տարանգիրե ազգային պարկը տեղակայված է համանուն գետի վրա։
Սաադանի զբոսայգին գտնվում է երկրի հյուսիս-արևելքում՝ Հնդկական օվկիանոսի ափին, Տանգա և Դար-էս-Սալամ քաղաքների միջև։ Արևելքում՝ Ուձունգվա լեռներում, գտնվում է Ուձունգվա լեռների պուրակը։ Երկրի արևմտյան մասում գտնվող Տանգանիկա լճի հյուսիսային ափին գտնվում է Գոմբե Սթրիմ ազգային պարկը։ Մահալի լեռների պուրակը գտնվում է նաև Մահալի լեռների լճի ափին։ Երկրի կենտրոնում է գտնվում Ռուահա զբոսայգին։ Վերջինս չափի մեծացմամբ այժմ ամենամեծն է Տանզանիայում։ Երկրի հարավ-արևմուտքում՝ ճեղքված հովտի վերջում գտնվող Ռուկվա լճի մոտակայքում, գտնվում է Կատավի պուրակը։ Երկրի հարավում է գտնվում Կիտուլո պուրակը, որը հայտնի է նաև որպես Աստվածների պարտեզ։ Ներկայումս քննարկվում է այգու տարածքը Ռունգվե լեռան անտառների հաշվին ավելացնելու հարցը։ Հարավ-արևելքում Սելուս արգելոցն է ու Միկումի պուրակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Список птиц Танзании (Տանզանիայի թռչունների ցանկ)». (ռուս.)
- ↑ «Այծքաղներ». 2021 թ․ հունվարի 21.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 3,0 3,1 «ТАНЗАНИЯ • Большая российская энциклопедия - электронная версия». bigenc.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 30-ին. (ռուս.)
- ↑ «Саанане». safaricompany.ru. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ 5,0 5,1 «Corporate Information» (անգլերեն). Tanzania National Parks. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ oscarag. «Mkomazi Game Reserve - Tanzania Tourist Board» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանզանիայի աշխարհագրություն» հոդվածին։ |
|